Թիմ

Նարինե Բալայան

56 տարեկան, Դերձակ

«Ես ամուր կառչած եմ իմ արմատներին․ սա միակ տարբերակն է սեփական անձի ինքնությունը պահպանելու համար»:

56-ամյա Նարինե Բալայանի համար արմատներին կառչելը շատ կարևոր է, քանի որ ազգային ու ընտանեկան արժեքների կրող է: Նարինեի հետ զրուցելիս նրա աչքերի մեջ անհնար էր չնկատել կարոտը հայրենի բնակավայրի՝ Արցախի Գանձակ քաղաքի նկատմամբ, ոտեղ նա ծնվել է և ապրել իր հոր կողմից կառուցված տանը:

Երազանքս է կրկին վերադառնալ այնտեղ, որտեղ կատարել եմ իմ առաջին քայլերը: Մինչև 18 տարեկանս ապրել եմ Գանձակում, այնտեղ ամեն մի ծառի հետ հիշողություն ունեմ: Չնայած արդեն 3 տասնամյակից ավելի է չեմ տեսել իմ ծննդավայրը, բայց այն շարունակում է մնալ իմ հիշողություններում ու կարոտի զգացումը ոչ մի պահ չի դադարում ինձ տանջել:

Դեռ պատանի, նոր երիտասարդության շեմը ոտք դրած՝ զգացի, թե ինչ բան է հայրենիք, ծննդավայր կորցնելը: Պատկերացրեք ինչ զգացողություններ կարող է ունենալ մարդ, երբ հանգամանքների բերումով ստիպված է լինում լքել այն տունը, որը ձեռք է բերել տարիների աշխատանքների ու զրկանքների գնով:

Արցախյան վերջին պատերազմի օրերին հազարավոր հայեր կրկին վերապրեցին այն ծանր զգացողությունները, որը մենք վերապրել էինք 30 տարի առաջ: 1988 թվականին, երբ մեզ բռնի տեղահանեցին Գանձակից, տեղափոխվեցինք Երևան, որտեղ ամեն ինչ ստիպված եղանք սկսել նորից: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա:

Աշխատում եմ «Sewing Hope for Armenia»-ում: Հայկական ընտանիքներում տարածված է, որ մայրը կամ տատը իրենց զավակներին փոխանցում են այն հմտությունները, որոնք իրենք էլ իրենց հերթին ժառանգել են իրենց տատերից ու մայրերից։ Ահա թե ինչպես եմ ստացել կարելու հմտությունս, որը ինձ մայրս է սովորեցրել։

Թեև շատ ժամանակ է անցել, բայց ես հավատում եմ, որ մի օր կբացեմ Գանձակում գտնվող իմ հայրական տան դուռը։ Դժվարությունները կարծես ամպամած երկինք լինեն, իսկ հույսը գիտակցումն է, որ ամպերի ետևում արևը քեզ է սպասում։

«Ես ամուր կառչած եմ իմ արմատներին, դա իմ ինքնությունը պահպանելու միակ միջոցն է»:

Աջակցիր Նարինեին այսօր

Գնել հիմա