Թիմ

Ռայա Բաբայան

37 տարեկան, Դերձակ

Ծնվել եմ Գետաշենում, Արցախում, բայց առաջին արցախյան պատերազմի ժամանակ իմ ծննդավայրը հայաթափվեց ու մնաց թշնամու տարածքում: Բայց գիտեք հայի տեսակը շենացնող է, անապատի մեջ էլ հային բնակեցնես, ծաղկուն պարտեզներ կհիմնի։ Գետաշենից տեղահանվելուց հետո բնակություն հաստատեցինք Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղում: Քարեգահում՝ մի գողտրիկ ձորակում կառուցեցի իմ կյանքը, որտեղ ապրում էի ամուսնուս և երկու զավակներիս՝ 13 ամյա տղային ու 18 ամյա դստերս հետ:

Երեխաների հանդեպ ունեցած մեծ սերը ինձ ուղղորդեց դեպի մանկավարժություն: Ունեմ բարձրագույն կրթություն, սովորել եմ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացու» անվան համալսարանում, ստացել եմ մանկավարժի որակավորում: Ես երբեք չեմ դժգոհել իմ կյանքից, բայց ինչպես հազարավար հայերի կյանքում այնպես էլ իմ կյանքում բեկում տեղի ունեցավ» – 37-ամյա Ռայա Բաբայանը իսկական տոկուն, դիմացկուն, հայ կնոջ իրական կերպար է, ով պայքարում է, դառնում ավելի ուժեղ յուրաքանչյուր փորձության հետ մեկտեղ և հույս է արթնացնում յուրաքանչյուր կնոջ հոգում՝ չնայած դժվարություններին։

 

Երբեք չեմ մոռանա 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, առավոտյան ժամը 6:30 -ի տագնապալի հեռախոսազանգը: Զինվորական կոմսարիատից զանգահարեցին ամուսնուս՝ կամավորականների էին հավաքագրում էին հավաքագրում: Երբ ամուսինս ասաց վերսկսված պատերազմի մասին, մանկական տարիներիս վերապրումները, տեղահանություան ծանր հիշողությունները ֆիլմի ժապավենի նման վերաթնացան ու սահեցին աչքերիս առջևով: Կամավորականների անուն ազգանունները գրելու համար ամուսինս թուղթ ու գրիչ խնդրեց: Ցուցակում առաջինը եղբորս անունն էր, երկրորդը՝ քեռուս տղայի: Մարմնովս դող էր անցնում, նույնիսկ հիմա պատմելիս նույն տագնապի ու անհանգստության զգացումներն եմ ունենում:

Րոպեներ անց կրակոցների և արկերի պայթյունների ձայները լսելի դարձան մինչև մեր բնակավայր: Ռմբակոծություններից, անօդաչուների հավածներից պատսպարվելու համար շտապեցինք ապաստարաններ: Մեր տան նկուղը կահավոեցի և մեր հարևանների փոքրիկների հետ պատսպարվեցինք: Առաջին անօդաչուն մեր գյուղից մի քիչ վերև պայթեց: Տղաս նկուղում վախից մտավ արկղերի արանքը: 3 օր ապաստարանում մնալուց հետո մեծ դժվարությամբ կարողացանք երեխաներին տեղափոխել Երևան, մենքն՝ մեծահասակներս շարունակեցինք մնալ ապաստարանում: Կրկնակի պատասխանատվություն էի զգում ուսերիս: Պատասխանատվություն ընտանիքիս ու հայրենիքիս հանդեպ:

«Իմ ամուսնու մահից հետո ես մնացի միայնակ իմ երկու երեխաների հետ․․․ Ես Աստծուց հույս խնդրեցի, որպեսզի դիմանամ։ Հիմա ես ձեռքի շնորհք ունեմ և սովորել եմ ժպտալ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում»։

Մինչ պատերազմի սկսվելն արդեն ամուսինս լուրջ առողջական խնդիրներ ուներ՝ տառապում էր 4-րդ կարգի քաղցկեղով, բայց պատերազմի լուրն իմանալով անտեսեց իր առողջական խնդիրներն ու հանուն երեխաների, հանուն հայրենիքի նետվեց մարտի դաշտ: Լարվածությունից, ապրումներից ամուսնուս առողջական վիճակը ավելի վատացավ ու 5-րդ օրը կամավորների օգնությամբ տեղափոխեցինք Երևան:

Երևան տեղափոխելուց 10 օր անց ամուսինս մահացավ: Ամուսնուս մահից հետո ես մնացի միայնակ իմ երկու երեխաների հետ՝ անտուն և հուսալքված։ Ես պետք է ուժեղ լինեի և չհանձնվեի։ Չունեի աշխատանք, ապրելու համար գումար, մենք ապրում էինք բարի մարդկանց շնորհիվ, ովքեր տրամադրում էին ապաստարան։ Ես Աստծուց հույս խնդրեցի, որպեսզի դիմանամ։
Մի օր ընկերներիցս մեկից զանգ ստացա, նա պատմեց «Sewing Hope for Armenia» նախագծի մասին և առաջարկեց դիմել աշխատանքի խնդրանքով: Կարի ոլորտում ես չունեի հմտություններ, այդ պատճառով շատ անհանգիստ էին, երբ զանգեցի։

Բայց երբ զանգեցի, հեռախոսափողից այն կողմ զգացի ձայն, որը ինձ հետ խոսում է օգնելու մեծ ցանկությամբ ու պատրաստակամությամբ։ Մասնագիտական հմտությունների բացակայությունը աշխատանքի ընդունվելու հարցում որպես խնդիր չդիտարկեցին, այլ առաջարկեցին սովորեցնել:

«Sewing Hope for Armenia» ընկերությունում ես գտա ոչ միայն աշխատանք այլև բախտակից ընկերներ որոնք ժամակի ընթացքում դարձան ընտանիք: Ստացա երկրորդ մասնագիտություն՝ արհեստ, որի շնորհիվ կարողանում եմ աջակցել ընտանիքիս: Հիմա ունեմ ձեռքի շնորհք: Ունեմ գեղեցիկը արարելու հնարավորություն: Սովորեցի նույնիսկ ամենադաժան իրավիճակում ժպտալ: Ես հանձնվելու իրավունք չունեմ: Ունեմ երկու երեխա, ում պիտի իրենց նպատակին հասցնեմ:

Ինձ բախտակից կանանց ցանկանում եմ ասել, որ ամեն տեսակ դժվարություն ժամանակավոր է։ Հիշե՛ք, ցանկացած թունելի մեջ լույս կա։ Մի՛ վախեցեք մթությունից, այն ժամանակավոր է:

 

 

Ցույց տուր Ռայային քո սերն այսօր

Գնել հիմա